ՆԱԵՎ ՀԱՑԻՎ․
ՎԵՐՋԻՆ ԱԼՅՈՒՐը՝
ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻն
_________________________________________

ԱՐՄԻՆԵԻ ՄՏՔՈՒՄ ՈՐԴԻՆ ԷՐ՝ ՆԱ ԶՈՀՎԵՑ ԽՐԱՄՈՐԹԸ ՊԱՇՏՊԱՆԵԼԻՍ
Պաշտպանական մարտերում զոհված որդուն հուղարկավորելուց հետո Արմինե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին ընտանիքի հետ բռնեց գաղթի ճանապարհը։ Մեքենաներով գերբեռնված Ստեփանակերտում շարասյունը դանդաղ էր շարժվում։ Հակասական լուրեր էին ստացվում Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետից։

Անորոշ ժամանակով կանգնած շարասյանն ավելանում էին նոր մեքենաներ՝ Արցախի գյուղերից։ Հենց այդտեղ էլ Արմինեի ուշադրությունը գրավում է իրենց մեքենայի հետևում կանգնած սպիտակ մեքենան՝ երեք անչափահաս երեխաներով։

ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ԷՐ ԿՌՎԵԼ ՈՒ
ԶՈՀՎԵԼ ԻՄ ՈՐԴԻՆ
Իրենց հետեւից եկող այդ ընտանիքը Խրամորթից էր, հենց այն գյուղից, որի պաշտպանության համար 2023-ի սեպտեմբերի 20-ին զոհվել էր Արմինեի 20-ամյա որդին՝ Գարեգին Հարությունյանը:

Որդու՝ Գարեգինի և նրա մարտական ընկերների հերոսական դիմադրության շնորհիվ թշնամուն չէր հաջողվել գյուղ մտնել։ Բնակչությունը կարողացել էր անվտանգ տարհանվել: Շրջափակման մեջ ընկած գյուղի փոքրաթիվ պաշտպանների վրա ադրբեջանական բանակն անակնկալ հարձակվել էր արդեն հրադադարից հետո։

Պատմում է Արմինեն
Ամեն օր տղայիս ընկերները զանգում էին․․․
Արմինեի դուստրը՝ Աննան, ևս շարասյան մեջ նկատել էր այդ մեքենան։

Արդեն 4 ժամ՝ մեքենաները տեղից չէին շարժվում, շշուկներ կային, որ անցակետը փակել են, և պարզ չէր՝ երբ նորից կբացվի։

Մեքենայում երեխաներ կային, քաղցից նվնվում էին, ուտելիք ուզում։ Աննան նկատում է, որ մոր ուշադրությունը այդ ընտանիքի կողմն է։
Տեսնու՞մ ես էդ երեխաներին։ Եթե Գարեգինը փախչեր, նրանք, հավանաբար, ողջ չէին լինի, որովհետև թուրքը մտած կլիներ շենը ու սպանած կլիներ, ինչպես այլ գյուղերում է եղել:
Խրամորթցի ընտանիքն ուտելու ոչինչ չուներ։

Երթում գտնվող հազարավոր մարդիկ կային, որոնք Արցախի տարբեր շրջաններից ռումբերի պայթյունների տակ մի կերպ
հասել էին Ստեփանակերտ։
Իրենց համար Արմինեն հաց թխել, վերցրել էր, բայց այդքան մարդու հաստատ չէր հերիքի՝ շրջափակումից բոլորն էին տուժել։

Տանն ալյուր ուներ, ի՞նչ աներ... Անելիքի մասին երկար չմտածեց, իջավ մեքենայից եւ վերադարձավ տուն, դեռ շատ չէին հեռացել։
Պարենի ծայրահեղ սղության պայմաններում էլ արցախցի կանայք կարողանում էին գրամ առ գրամ խնայել սնունդն ու ձմեռվա պաշար կուտակել։ Հենց այս խնայողությունների վերջին բաժին ալյուրով էլ Արմինեն, տուն հասնելուն պես, արագ-արագ խմոր հունցեց՝ խոհարարի տարիների փորձով։
Մինչ խմորը կհանգստանա, նա ամբողջովին դատարկեց սառնարանն ու եփեց տանը մնացած միսը։ Հետո տեսավ, որ հավերը 6 ձու են ածել, դրանք էլ վերցրեց։ Հանեց պահարանում մնացած վերջին մուրաբան, որ բաժանի շարասյան քաղցած ժողովրդին։

Խմորից 16 հաց թխվեց։ Լվաց վերջին ամանը, որ տունը մնա այնպես, ինչպես միշտ է եղել՝ մաքուր, կոկիկ, խնամված։
Դուռը չկողպեցի, մտածեցի՝ գուցե դեռ հետ ենք գալու։ Կամ եթե ոչ, եթե պիտի թուրքերը գան, թող պարզապես մտնեն, ոչ թե դուռը ջարդեն...
Մեքենաների շարասյունն այդ ընթացքում տեղից չէր շարժվել։ Եղած հացն ու սնունդը բաժանեց երեխա ունեցող ընտանիքներին․ «մեծերը գոնե մի կերպ կարողանում էին ընկալել իրավիճակը, բայց փոքրերի համար շատ դժվար էր»։
Ժամեր անց շարասյունը սկսեց դանդաղ շարժվել․ անցակետը նորից բացել էին։ Տեսածը դժվարանում է հիշել եւ նկարագրել։
Պատմում է Արմինեն
Դա մի սարսափ էր...
Արմինեին շարունակ տանջում էր միտքը, որ հեռանում են Արցախից՝ թողնելով որդուն։

ՆՐԱՆՔ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԸՆՏՐԵՑԻՆ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Գարեգինին հուղարկավորել էին Ստեփանակերտի գերեզմանատանը՝ պապի կողքին, ճանապարհը բացվելուց մեկ օր առաջ։

Մի կողմից մոր սիրտը հանգիստ էր, որ Գարեգինը հավերժական խաղաղություն գտավ հայրենի հողում, մյուս կողմից՝ նրա համար ծանր էր պատկերացնել, որ որդու գերեզմանին գուցե այլեւս այցելել չկարողանա։
Մարդիկ կարծես զարմացած էին, որ ողջ են մնացել։ Դա տեսնելն ինձ օգնեց հասկանալ Գարեգինիս ու նրա նման հայրենասեր տղաների հերոսության արժեքը։ Իսկ ես կարողացա կերակրել նրանց, ում կյանքի համար զոհվեց որդիս։ Գուցե դա նշա՞ն էր, գուցե Գարեգի՞նս էր...
Made on
Tilda