Հայկանուշի 90-ամյակը լրացավ 2023-ի սեպտեմբերի 18-ին։ Հենց
նրա հոբելյանի առիթով էին Ստեփանակերտի տուն-ինտերնատում պատրաստվում տոլմա ուտել։ Շրջափակման պայմաններում դա, իրոք, մեծ ճոխություն էր։
Հայկանուշ Բարսեղյանը ծնունդով Արցախի Ջրաղացներ գյուղից է: Ամուսնությունից հետո տեղափոխվել է Ասկերանի շրջանի
Այգեստան ու մինչև 2016-ն այնտեղ ապրել: 32 տարի առանց դադարի աշխատել է մետաքսի կոմբինատում, եղել է կոմսոմոլի քարտուղար: Ասում է՝ լավ անուն ու պատիվ է ունեցել, բայց շատ դժվար կյանք: Նախ՝ երիտասարդ տարիքում, ամուսնությունից ընդամենը 3 տարի անց, կորցրել է ամուսնուն, արցախյան առաջին պատերազմում՝ որդուն, իսկ տարիներ անց՝ նաև հաշմանդամ դստերը: Աղջկա մահից հետո ոտքերը թուլացել են։ 2016-ից Ստեփանակերտի ծերանոց է տեղափոխվել:
2023-ի սեպտեմբերի 19-ին,
երբ սկսվել է ռմբակոծությունը, ծերանոցում մոտ 200 բնակիչ կար: Առանց սննդի ու հիգիենայի պարագաների 2 օր մնացել են նկուղում, մինչև ավտոբուսներ են եկել ու տարհանել ռմբակոծված շենքի տարածքից: